38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
31.07.2023 | 17:47

(սկիզբը` այստեղ)

Մխիթար Սեբաստացին իր անգնահատելի ներդրումն ունի նաև հայոց լեզվի պատմության և քերականության զարգացման գործում։ Նա աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի հեղինակն է:

17-րդ դարի կեսերին, երբ սկսում են ուրվագծվել արևմտահայ ու արևելահայ աշխարհաբարի երկու ճյուղերը, որոնց կողքին՝ որպես գրավոր և եկեղեցական արարողությունների լեզու, շարունակում է կիրառվել գրաբարը և վերջինիս աղճատված տարբերակը՝ լատինաբան հայերենը, Մխիթարը գիտակցում է հայերենի քերականության մատչելի մի այնպիսի ձեռնարկի ստեղծման հրատապությունը, որը աշխարհագրական և քաղաքական բաժանումների ու մի շարք բարբառների և հատկապես հնչյունական արտաբերումների պայմաններում կնպաստեր ազգային միասնությանը ու լեզվական միավորմանը և ոչ թե տարանջատմանը։

16-17-րդ դարերում մայրենի լեզուն կորցրած հայերի շրջանում մեծ տարածում էր գտել հայատառ թուրքերենով ստեղծված գրականությունը: Հայերեն տառերով թուրքերեն գրող հայերի համար Մխիթարը 1722 թ. գրում է աշխարհաբարի քերականություն՝ վերոնշյալ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզվին հայոց» գիրքը:

Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որը նոր շրջանի քերականագիտական ըմբռնումներով գրված հայերենի քերականության առաջին ձեռնարկն է, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի:

Իսկ նրա հետնորդներից Միքայել Չամչյանի՝ 1779 թ. տպագրված «Քերականութիւն հայկազեան լեզուի» աշխատանքը դառնում է Մխիթարյանների և ընդհանրապես 18-րդ դարի հայ քերականագիտության հանրագումարը, որը գրաբարի քերականությունը վերջնականապես ազատում է լատինաբանության կապանքներից:
Մխիթարյաններին վիճակված էր բոլորովին նոր մակարդակի հասցնելու հայ տպագրությունը՝ այն իրականացնելով եվրոպական գրատպության չափանիշներով, չնայած որ ի սկզբանե Սբ Ղազարում սեփական տպարան հիմնելու մտադրություն չունեին։ Բոլոր գրքերը տպում էին Վենետիկի տպարաններում։ Սակայն այդ տպարանների պատճառած զանազան դժվարությունների, պարբերաբար չգոհացնելու (միաբանները միշտ խուլ դժգոհություն ունեին տպագրությունից և կազմարարից) և երբեմն էլ փակվելու պատճառով տպարանից տպարան տեղափոխվելը, տպարանների սղությունը և դրամական կորուստը հասունացնում են սեփական տպարան ունենալու գաղափարը, ինչն էլ կյանքի է կոչվում 1789 թ․՝ հայկական տպագրության գործում ստանձնելով առանձնակի հեղաշրջող դեր ու լուրջ առաքելություն։ Բավական է միայն թերթել Մխիթարյանների կողմից հրատարակված բազմաթիվ աշխատությունների, հեղինակային և թարգմանական գրքերի, մեծածավալ դյուրամատչելի դասագրքերի, ինչպես նաև բազմաթիվ քարտեզների ու նկարների ցանկը, որպեսզի ակներև դառնան նրանց հրատարակչական գործունեության լայն տեսահորիզոնն ու դրա կարևորությունը։
Տպարանում բնագրագիտական ճշգրտումներով, առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակվում են հայ միջնադարյան մատենագրության գրեթե բոլոր կոթողային գործերը՝ Գրիգոր Նարեկացու «Մատենագրութիւնք» (1827), Բարսեղ Կեսարացու «Ճառք…» (1830) Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» (1832), Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» (1832), Դավիթ Անհաղթի «Մատենագրութիւնք» (1833), Եղիշեի «Մատենագրութիւնք» (1838), Մովսես Խորենացու «Մատենագրութիւնք» (1843, 2-րդ հրտ. 1865) և համաշխարհային ու հայ դասականների այլ գործեր՝ լայն ճանաչում գտնելով եվրոպացիների շրջանում։
Մեծ է նաև Մխիթարյանների դերը հայ կազմարվեստի զարգացման գործում, որոնք ավանդական ձեռագրային դրվագազարդումներից անցում են կատարում եվրոպական կազմարվեստին՝ միագույն կամ ծաղկավոր ստվարաթղթի վրա դրոշմված ոսկով:

Հայկական ձեռագրերի թերթերի եզրերը սովորաբար գունազարդվում էին կարմիրով: Մխիթարյան հրատարակություններում ժամանակի ընթացքում տարածվում են ոսկեգույնը և բրոնզը: Ամենաշքեղը, բնականաբար, կազմվում էր Աստվածաշունչը:
Անգնահատելի ձեռքբերում էր ձեռագրատան և գրադարանի հիմնումը։ Միաբանության համար նյութական դժվարին պայմաններում Սեբաստացին կառուցում է Ս. Ղազարի նշանավոր գրադարանը՝ իր և իր աշակերտների միջոցով Ս. Ղազարում հավաքված 644 միավոր գրքի հիման վրա, որը սկզբնական շրջանում համալրվում է նվիրատվություններով, հետագայում՝ նաև գնումներով: Կղզում Մխիթարյանների մոտ հիրավի հազվագյուտ և անգնահատելի ձեռագրեր են պահպանվում։ Օրինակ, 9-րդ դարի «Մաշտոց» ձեռագիրը, ինչպես նաև Բագրատունյաց արքայատոհմի հայկական թագուհու անունով կոչված «Մլքե ձեռագիր ավետարանը» (862թ.)։

XIX դ. կեսին կառուցվում է գրադարանի նոր շենք՝ երկու մասնագիտացված գրապահոցով, որտեղ հավաքվում են ձեռագիր մատյաններ, պարբերականներ ու տպագիր հրատարակություններ՝ հայերեն և այլ լեզուներով: Ներկայիս տպագիր ֆոնդը շուրջ 150 000 միավոր է (հազվագյուտ հրատարակություններ հայերեն և այլ լեզուներով), ձեռագիր ֆոնդը՝ 5 հազար:

Մխիթարյան միաբանության գրապահոցը, ի դեպ, հայկական ձեռագրերի՝ աշխարհում երրորդ ամենամեծ հավաքածուն է՝ Մատենադարանից և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հավաքածուներից հետո։

Գրքերի տպագրության ընդլայնմանը զուգընթաց՝ Մխիթարը հոգ էր տանում նաև դրանց տարածման մասին՝ ստեղծելով գրավաճառման մի յուրօրինակ ընդլայնված ցանց՝ Արևելքից Արևմուտք:

Մխիթարյան փառակազմ հատորները ժամանակին հասնում էին անգամ Հայասատանի ամենախուլ գյուղերը, Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներ, մինչև Շուշի։
Մխիթար Սեբաստացին, որը միջնադարյան հայ վանական բանաստեղծությունից անցում է կատարում դեպի եվրոպական կլասիցիստական բանաստեղծությունը, պատանեկության տարիներին գրում է 33 բանաստեղծություններ, որոնք «Տաղարան» խորագրով լույս են տեսնում 1727 թ.՝ դառնալով կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումը հայ գեղարվեստական գրականության մեջ։

Այդ ժողովածուի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, նրա իսկ գրած երաժշտությամբ, երգում են ցայսօր:

(շարունակելի)

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 14326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ